21.02.21-ին «Մեգերյան Կարպետ» մշակութային համալիրում կայացավ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Նախապատրաստական աշխատանքները տևեցին ամիսներ: Համավարակով պայմանավորված սահմանափակումները, պատերազմն ու հետևանքները անհնար էին դարձնում մտահղացման իրականացումը։ Թվում էր, թե մրցանակաբաշխություն անցկացնելն անիմաստ է դառնում, սակայն մենք հեշտ հանձնվողներից չենք․ հենց նման նախաձեռնությունները հայրենական արտադրողներին և հայկական տարբեր ընկերություններին քաջալերելու կարևոր ազդակ կարող են լինել՝ պետության հզորացմանն ուղղված իրենց ջանքերը կրկնապատկելու համար։
Մեծ թիմով անցանք գործի։ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի նախագահ՝ Արամ Նավասարդյանի և պրոդյուսեր՝ Էդգար Այվազյանի նախաձեռնությամբ իրականացավ «Լավագույն Հայկական Բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում լավագույնը ճանաչված ընկերությունները ընտրվել էին՝ 2020-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հեռախոսային հարցումների արդյունքների հիման վրա:
Մեր առաջ խնդիր էինք դրել անցկացնել Պրեմիում մրցանակաբաշխություն, և այդ ուղղությամբ ջանքեր գործադրեցինք։ Մրցանակները պատրաստելու համար մեզ աջակցեց «3D Իմպեքս» հայ-բելգիական ընկերությունը, որն ունի առանձնացող ձեռագիր և որակ, «Լավագույն հայկական բրենդ 2020» մրցանակաբաշխությունն իրականացավ նաև մեր Պատվավոր գործընկերների՝ «SANITA» մաքրող միջոցների, «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» մսամթերքի էքսկլյուզիվ ու մեծ տեսականի արտադրող և արտահանող ընկերության, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի աջակցությամբ։
Լավագույնը Ճանաչված ընկերություններին հանձնեցինք երկլեզու պատվոգրեր/հայերենով և անգլերենով/, միջոցառման անցկացման համար ընտրեցինք հայկական գորգագործության արվեստի պահպանման հայտնի կենտրոնը՝ «Մեգերյան կարպետ» համալիրը , մրցանակաբաշխությունը չվերածեցինք շոուի,հրավիրեցինք միայն մեկ կատարողի՝ էթնո-փոփ ժանրի երգչուհի Գաբի Գալոյանին։Մրցանակաբաշխությունը վարեց հայտնի հաղորդավար՝ Վահե Խանամիրյանը: Մի խոսքով՝ կարևորել էինք ազգայինը։ Մրցանակներ հանձնելու համար հրավիրել էինք պատվարժան մարդկանց, որոնց թվում էին նաև տարբեր ասոցիացիաների նախագահներ, առաջատար մասնագետներ:
Մրցանակաբաշխությունը կհեռարձակվի «Արմենիա» և Արմենիա Պրեմիում հեռուստաընկերությունների եթերում։